ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հանգիստը կարևոր է, դրա կազմակերպումն՝ է′լ ավելի կարևոր և պատասխանատու։ «Սոճուտ» հանգստյան տանը մենք գտել ենք Ձեր լիարժեք հանգիստի բանաձևը։
Տասնամյակների պատմություն ունեցող առողջարանը մինչ այսօր սիրով ընդունում է բոլորին, ովքեր ցանկանում են լինել առողջ, ունենալ կատարյալ հանգիստ և մոտ լինել բնությանը։
2013թ.-ին հիմնովին վերանորոգվելուց հետո «Սոճուտ»-ը համարվում է Ստեփանավանի լավագույն հանգստյան տներից մեկը՝ շնորհիվ իր բացառիկ բնակլիմայական պայմանների, տարիների փորձի և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։


Ինչու՞ «Սոճուտ»
Հանգստյան տունը շրջապատված է սոճիների անտառով, որտեղ օդը առավելագույնս զերծ է փոշուց և վնասակար նյութերից, հագեցած է ֆիտոցիդներով և օզոնով: Այն օժտված է բուժական հատկություններով և նպաստավոր է հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար:
Սոճիների անտառի օդն օգնում է բարելավել շնչառությունը, վերականգնել աշխատունակությունն ու դրական է ազդում սիրտ-անոթային, նյարդային և էնդոկրին համակարգերի վիճակի վրա:
Գարնան վերջին ամիսներին «Սոճուտ» հանգստյան տանն ու Դենդրոպարկում տեղի է ունենում սոճիների «փոշոտում»։ Բնության այս յուրահատուկ երևույթն ունի կազդուրիչ հատկություն և բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը:
Սոճու «ծաղկման փոշին» օժտված է յուրահատուկ բուժական հատկություններով: Այն վերականգնում է շնչառական ուղիների լորձաթաղանթը և զգալիորեն նվազեցնում շնչառական հիվանդությունների կրկնման հավանականությունը։ Նման պայմանները հիանալի են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին և գնահատում կատարյալ հանգիստը բնության գրկում։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Սոճուտ» մանկական առողջարանը հիմնադրվել է 1955թ.-ին: Այն հանդիսացել է համամիութենական նշանակության մանկական առողջարան՝ նախատեսված թոքային քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների համար:
Երեխաներն այստեղ անցնում էին համալիր հետազոտություն և ստանում համապատասխան բուժում՝ առանց կտրվելու ուսումնական պրոցեսից: Նրանց համար կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ, մրցույթներ և էքսկուրսիաներ:




ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
«Սոճուտ» հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Դենդրոպարկը: Այն պաշտոնապես կոչվում է «Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի»՝ 1931թ.-ին այն հիմնադրած լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի պատվին։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա՝ բաղկացած բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։
Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։
Գտնվելով ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա՝ այն հիրավի բացառիկ է իր տեսակով։ Դենդրոպարկին առանձին գեղեցկություն են հաղորդում ծաղկազարդ կամարները, վարդերի բացատը, կալիֆորնիական սեքվոյաները, հոսող առվակն ու հրաշագեղ մշտադալար ծառերը:
1998 թվականից տարածքը հանդիսանում է հատուկ պահպանման գոտի։
«Սոճուտ» հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել Դենդրոպարկում, վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդը և զմայլվել հազվագյուտ տեսակի ծառատեսակներով և բույսերով:
